Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
01.06.2016 | 10:50

Նախագահ Սերժ Սարգսյանն Աստանայում ԵԱՏՄ մյուս պետությունների ղեկավարների` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին, որ վարել է հյուրընկալող երկրի՝ Ղազախստանի նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նիստերին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա խորհրդի անդամների քննարկմանն ու հաստատմանն է ներկայացրել նիստերի օրակարգը: Միության անդամ պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում քննարկել են ԵԱՏՄ արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների հարցեր:


Ընդլայնված կազմով նիստի ավարտին նախագահները ստորագրել են մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում` ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:


Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում

Կսկսեմ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ուղղված շնորհակալական խոսքերով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստի կազմակերպման համար: ԵԱՏՄ-ն այսօրվա գագաթնաժողովին ներկայանում է մեկուկես տարվա գործունեության ընթացքում՝ համաշխարհային տնտեսության համար բարդագույն իրավիճակում ձեռք բերված որոշակի փորձով: Ստեղծվել է լայն իրավական հիմք, մշակվում են ինտեգրացիայի ալգորիթմներ, որոնք ընդհանուր առմամբ պետք է նպաստեն մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, մեր տնտեսությունների մրցունակության և համաշխարհային տնտեսական համակարգում ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:


Տնտեսական ինտեգրացիան պահանջում է մեր մակրոտնտեսական մոտեցումների համակարգման մակարդակի բարձրացում: Այս կապակցությամբ կարևոր նշանակություն ենք տալիս 2016-2017թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացմանը և մեր տնտեսական ներուժի զուգորդման ուղղությամբ հետագա գործուն մեխանիզմների մշակմանը: Այն կնպաստի մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը և ստեղծված բացասական տնտեսական իրավիճակի հետևանքների հաղթահարմանը:


Մենք պետք է ամեն ինչ անենք, որ համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ տարածաշրջանային կառույցների դերակատարության բարձրացման ընդհանուր ֆոնին մեր ինտեգրացիան դառնա տնտեսական գործընկերության գրավիչ մոդել, բաց լինի բոլոր շահագրգիռ կողմերի հետ լայն համագործակցության համար: ԵԱՏՄ ձևաչափում Վիետնամի հետ Հայաստանում ազատ առևտրի գոտու մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագիրը գտնվում է վավերացման ավարտական փուլում և բառացիորեն հաջորդ շաբաթ պայմանագիրը կվավերացվի: Մենք նաև ողջունում ենք ԱՍԵԱՆ միավորման մեջ մտնող Կամբոջայի և Սինգապուրի հետ փոխգործակցության իրավական շրջանակների ամրագրումը, այնպես ինչպես բոլոր համանման փաստաթղթերը, իսկ դրանք քսանից ավելին են, որոնք ստորագրվել են առանձին երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների հետ: Հայկական կողմն աջակցում է Սերբիայի հետ առևտրի ռեժիմի ներդաշնակեցման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին որոշմանը: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ԵՄ գծով երկխոսության առաջխաղացմանը, ենթադրում եմ, որ մենք բոլորս միակարծիք ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումների միջև համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի առևտրի, աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառության ապահովման համընկնող նպատակների ձեռքբերմանը: Այն պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձևավորմանը:

Այս համատեքստում կարևորություն ենք տալիս Եվրոպական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությանը:
Միջկառավարական խորհրդի երևանյան նիստի ժամանակ հաստատվել են Չինաստանի հետ բանակցությունների դիրեկտիվները: Հուսով եմ, որ հաջորդ նիստի ժամանակ հանձնաժողովը կզեկուցի բանակցային գործընթացի մեկնարկի մասին, որի որպես վերջնական նպատակ մենք կցանկանայինք տեսնել մեր սերտ համագործակցության համար իրավական հիմքը:
Դրանով հանդերձ անհրաժեշտ է զուգահեռ շարունակել չինական կողմի հետ երկխոսությունը, ինչպես նաև մյուս շահագրգիռ պետությունների՝ Իրանի և Հնդկաստանի հետ, ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդման մասով: Նման համակցումը լրացուցիչ հնարավորություն է ավելացված արժեքի միջազգային շղթային ինտեգրվելու համար: Այն նաև կօգնի մեծացնել առևտրի ծավալները, վերակառուցել տնտեսությունը, ներգրավել ներդրումներ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ներքո, լոգիստական հնարավորությունների բազմազանեցմանը:


Մեր կողմից ընդունված, այդ թվում՝ այսօրվա որոշումները պետք է շոշափելի լինեն մեր քաղաքացիների և գործարար շրջանակների համար, յուրաքանչյուր գնորդի և ծառայության պատվիրատուի համար, ով իր սեփական օրինակով կզգա ինտեգրացիայի առավելությունները: Այս նպատակին հասնելը հնարավոր է գործարարության վրա դրված ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ համաձայնեցված աշխատանքի, տեխնիկական խոչընդոտների վերացման, ԵԱՏՄ ընդհանուր շուկաներ դուրս գալու համար պայմանների ստեղծման միջոցով: Այս համատեքստում կընդգծեմ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգերի ընդունման նշանակությունը: Այս որոշումների իրականացումը կօժանդակի ԵԱՏՄ տնտեսական ներուժի հզորացմանը, քանի որ էներգակիրների շուկան կարևոր գործոն է արտադրության շղթայում և դրա կանխատեսելիությունից է հաճախ կախված կայուն տնտեսական աճի հնարավորությունը: ԵԱՏՄ տարածքում ածխաջրածնային հումքի գները պետք է նպաստեն մեր տարածքում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը:


Ինտեգրացիոն միավորումները հաջող գործարկվում և զարգանում են անվտանգ միջավայրում: Անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային հիմքն է: Ես չափազանց կարևոր եմ համարում այն փաստը, որ ԵԱՏՄ ձևավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է: Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ: Վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի է ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին և կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության և երկպառակտության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից:
Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում: Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով: Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա:

Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը:

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ